38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կարինե Մելիքսեթյանի «Էբոնոսե ուղին»

Կարինե Մելիքսեթյանի «Էբոնոսե ուղին»
24.09.2023 | 22:02

Բելգիական Խենթ (Gent) քաղաքում բնակվող մեր հայրենակից Կարինե Մելիքսեթյանը օրերս` նոր ուսումնական տարվան համընթաց, «Նոր ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցության կողմից` Բելգիայում ինտեգրվող օտարազգիների հետ կատարած մեծածավալ աշխատանքի համար արժանացել է «Էբոնոսե ուղի»(Ebbenhouten Spoor)` 11-րդ անգամ շնորհվող մրցանակի: Վերջին անգամ մրցակակ շնորհվել էր յոթ տարի առաջ՝ 2016թ.: Դա այն պարգևն է, որը N-VA-ն շնորհում է արդեն ինտեգրված իր երկրի նոր անդամին, ով հատուկ ներդրում է ունեցել հասարակության մեջ և ինքն է մեծ հաջողություն ապահովվել այս ասպարեզում, ապացուցել, որ ինտեգրումը կարող է հաջողության բանալի լինել շատերի համար: Կարինե Մելիքսեթյանը , երբ հիմնեց «Մարիամ» շահույթ չհետապնդող հետդպրոցական ուսումնական կենտրոնը, չէր էլ պատկերացնի, որ գործ է ունենալու մեծաքանակ ներգաղթյալների և անապահով ընտանիքների երեխաների ուսման, լեզվական թերությունները շտկման և Հոլանդերենի իմացությունը զարգացնելու վրա:

Կարինե Մելիքսեթյանը Բելգիա է եկել Հայաստանից` 1996 թվականին։ Կազմակերպություններից մեկում աշխատել է որպես արհմիության նախագահ, աչքի է ընկել աշխատասիրությամբ, մշակել, նախաձեռնել է աշխատողների և նրանց ընտանիքների համար առողջապահության, մշակույթի, հանգստի, սոցիալական և այլ ոլորտի ծրագրեր: Ամուսնացել, տեղափոխվել է Բելգիա, առաջին հերթին սովորել ու խորացրել է լեզվի իմացությունը, այնուհետև համընթաց օգնել, պարապել է հայ երեխաների հետ, աշխատել է թարգմանիչ, օգտակար է եղել հայ համայնքին, զբաղվել է լրագրությամբ: Այստեղ նա հասկացավ, որ շատ ներգաղթյալ մեծահասակներ և երեխաներ, ովքեր տարիներ շարունակ ապրում են Բելգիայում, հազիվ են խոսում հոլանդերեն:

Այդ իսկ պատճառով հիմնադրեց «Մարիամ» արտադպրոցական ուսումնական կենտրոնը, որը 20 տարի գործում է ամբողջ Արևելյան Ֆլանդրիայում: Շահույթ չհետապնդող կազմակերպությունն առաջարկում է ներգաղթյալ և անապահով ընտանիքների երեխաներին դպրոցից հետո ստանալ լիակատար աջակցություն՝ մատչելի ձևով սովորել, տիրապետել լեզուն: Արդյունքում դպրոցներ, մանկապարտեզներ հաճախող երեխաները հաջողություններ են գրանցում իրենց ուսումնական հաստատություններում: Սա խթանում է նրանց ինտեգրմանը կրթական և սոցիալական կյանքին: Երեխաները, ովքեր հաճախում են «Մարիամ» տարբեր ազգությունների ավելի քան 25 տարբեր մայրենի լեզու ունեցող ընտանիքներից են: Այստեղից էլ ծագում են մեծ ու փոքր այլ դժվարություններ, կապված մշակույթների ու լեզվի հետ , արդյունքում` համբերատար, մեծ աշխատանք ծնողների հետ: Ծնողներն իրենք են համոզվում, որ երբեմն իրենց երեխաներին մատչելի չեն կրթական ծրագրերը և լրացուցիչ հնարավորություններ են փնտրում երեխաների կրթությունը բարելավելու համար: Այս դեպքում «Մարիամի» ու ծնողների հետ հստակ և ճիշտ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, այս երեխաներն իսկապես լավ արդյունքների են հասնում դպրոցում ու ամեն բան իր տեղն է ընկնում:

Հուշագրավ էր մրցանակի հանձման արարողությունը: Երկարամյա ընդմիջումից հետո «Նոր ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցությունը «Էբոնոսե ուղի»(Ebbenhouten Spoor) մրցանակը ի դեմս Կարինե Մելիքսեթյանի, հանձնվում է «արժանավոր նոր ֆլամանդացուն»: Մրցանակը միշտ ստանում է վաստակաշատ նոր ֆլամանդացի, ով ապացուցում է, որ հաջող ինտեգրումն առասպել չէ, ով իր ներդրումն է ունենում Ֆլանդրիայում, ով հարստացնում է Ֆլանդրիան և, հետևաբար, օրինակ է բոլոր ֆլամանդացիների համար: Հենց այս սկզբունքներով է առաջնորդվում մրցանակ հանձնողը:

Կարինե Մելիքսեթյանը մրցանակն ստացավ անձամբ N-VA կուսակցության նախագահ Բարտ Դե Վևերից, Ֆլամանդիայի կրթության նախարար Բեն Վեյթսից, ազգային կուսակցության քարտուղար Լուի Իդեից և Խենթի պատգամավոր Անելին վան Բոսյուտից:

Հուզիչ էր Կարինե Մելիքսեթյանի խոսքը.«Յուրաքանչյուր մարդ գենետիկորեն կրում է իր ազգի վարքագիծը։ Իմ նախապատմությունն ինձ սովորեցրել է պահպանել եւ փայփայել իմ ազգի քաղաքակրթությունն ու արժեքները, մշակութային հարստությունն ու լեզուն։ Մեզ փոխանցվել է նաեւ հարգել այլ ժողովուրդների մշակույթն ու սոցիալական արժեքները։ Սա մի բնածին հատկանիշ է յուրաքանչյուր հայի համար։ Որտեղ էլ մենք լինենք, ինչ էլ որ անենք, անում ենք ամբողջ հոգով»,- մրցանակը ստանալիս՝ ասաց հայուհին։

Ջերմ խոսքեր ու գնահատանքներ շատերը հնչեցրեցին: Կուսակցության քարտուղար Լուի Իդեն ասաց. «Կարինեն և բոլոր Մարիամի մարդիկ արժանի են այս ճանաչմանը: Նրանց շնորհիվ ավելի քան 26 տարբեր լեզուներով հազար հինգ հարյուրից ավելի երեխաներ ապագայի նոր հեռանկարներ ունեցան: Հոլանդերենի իրենց բարելավված իմացության շնորհիվ նրանք կարող են ավելի զարգանալ և հաստատվել մեր ջերմ ֆլամանդական համայնքում՝ որպես իրավահավասար քաղաքացիներ»:

«Նիդերլանդական օրագիրը» Կարինե Մելիքսեթյանի գործունեությունը ընթերցողին ավելի հանգամանալից ներկայացնելու համար` նրան մի քանի հարցեր ուղղեց:0

-Ինչը՞ օգնեց Ձեզ բավական արագ ինտեգրվել բելգիական հասարակությանը, որ շատ արագ հասցրեցիք սովորել հոլանդերենը ու այնուհետև Դուք սկսեցիք օգնել, սովորեցնել մարդկանց լեզուն:

-Առաջին հերթին` ինքնագիտակցությունը: Առանց լեզվային հաղորդակցման, որպես անձ, հասարակության մեջ չես կարող քեզ դրսևորել: Սովորեցի համալսարանին կից լեզվի կուրսերի հինգերորդ մակարդակը ու դրանից հետո ավարտեցի ավագ դպրոցի ինտենսիվ թարգմանչական դասընթացը, որտեղ ես միակ նորեկն էի: 31 մասնակիցներից 9-ը, որոնց թվում և ես, ստացանք դիպլոմներ:

Այնուհետև քանի որ ստեղծել էի սեփական, շահույթ չհետապնդող կազմակերպությունս, 2003 թվին համակարգի բյուջետային կառուցվածքը գիտենալու համար` ավարտեցի վարչական աշխատողների հատուկ դասընթացը: Քիչ ժամանակ չեմ ծախսել ինքնակրթությամբ զբաղվելուն: 2008-2009 թվերին կրթական համակարգի կառուցվածքի նրբություններին տիրապետելու համար մասնակցել եմ երեկոյան մանկավարժական դասընթացներին ու այդպես շարունակ:

Պետք է տեղյակ պահեմ, որ նեդերլանդերեն լեզուն դասվում է դժվար լեզուների շարքին: Այն տիրապետելու համար համբերություն, ջանք, եռանդ ու ժամանակ է պահանջում:

-Պատմեք ձեր ուսումնական հաստատության, նրա հետագա գործունեության ու նպատակների մասին: Ինչո՞ւ կազմակերպությունն անվանվեց «Մարիամ»:

-Լեզվական հմտություններս զարգացնելուն զուգընթաց միտք առաջացավ 2000-2002թթ. կրթության ոլորտում իրականացնել վիճակագրական հետազոտություն` ոչ մայրենի լեզվով խոսողների և նրանց ինտեգրման վերաբերյալ: Արդեն 2002թ. 5-ից 18 տարեկան երեխաների համար կազմակերպեցի դասընթացներ, որտեղ հաջողվեց ներգրավել հիմնական դպրոցների ուսուցիչների, լոգոպեդների, թոշակառու, փորձառու մանկավարժների և այլ մասնագետների: Սա խթանեց, որպեսզի 2003 թվականին հիմնադրեմ սեփական, շահույթ չհետապնդող «Մարիամ» կազմակերպությունը՝ դստերս անունով, ով ի դեպ բավական գործուն աջակցութուն ցուցաբերեց կրթօջախի կայացման գործում: Մեր նպատակներից առաջինը յուրաքանչյուր երեխայի ընդհաուր զարգացմանը, այդ թվում նրա կրթական առաջընթացին նպաստելն էր: Երկրորդ նպատակն ընդհանուր է՝ աջակցել եվ զարգացնել գիտական, մշակութային, ստեղծագործական և հումանիտար կապը Բելգիայի եվ այլ երկերների, մասնավորապես Հայաստանի հետ...

-Եվ ինչպիսի՞ գիտամշակութային միջոցառումներ եք իրականացրել՝ Հայաստանի հետ կապված: Կարո՞ղ եք դրանցից մեկն առանձնացնել:

-2004 թ. ապրիլի 17-ին Լեուվենի համալսարանի արևելագիտության և բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Բերնարդ Կուլիի հետ Խենթում կազմակերպել ենք միջազգային հայ-ֆլամանդրական գրական ֆորում: Թեման` «Դանիել Վարուժանի և Էմիլ Վերհարնի» պոեզիան էր: Միջոցառմանը հրավիրված պրոֆեսորներն էին` Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գուլբենկյանի անվան հայագիտական ֆակուլտետի պորֆեսոր Տեո վան Լինտեն, Կուլակսի համալսարանի պրոֆեսոր, Վերհարնի կյանքն ու գործը ուսումնասիրող մասնագետ Նիկ Նախտեխալը, Հայաստանից Վարուժանագետ, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, բանաստեղծուհի Անահիտ Թարյանը, Վենետիկի Մխիթարյան միաբանութան, Հայ համայնքի ներկայացուցուչներ: Ակադեմիական այս ֆորումից հետո, հիշարժան է, որ Խենթի համալսարանում բացվեց հայ միջնադարյան պատմության ամբիոնը, որտեղ միջոցառումներ և դասախոսություններ են կազմակերպվում՝ Հրավիրվելով մասնագետներ տարբեր երկրներից:

-Պատմեք «Մարիամի», տարեց-տարի աճող հեղինակության ու հաջողությունների մասին:

-2005 թ. Խենթի մանկավարժության դեպարտամենտը մեզ առաջադրեց տեղական հեռուստատեսության և թագավոր Բոդուենի անվան կազմակերպության «Դե Պլուիմ» դափնեկրի կոչման: Uա մի ընկերություն է, ավելի ճիշտ հիմնադրամ է, որն աջակցում է հասարակական կազմակերպություններին, վարչակազմերին, համալսարաններին, քաղաքացիներին, որոնք հավատարիմ են հասարակությանը ամենատարբեր ասպարեզներում՝ ինչպես Բելգիայում, այնպես էլ միջազգային կառույցներում:

Զանազան կազմակերպությունների ու կառույցների կողմից Էլի են եղել մրցանակներ, շնորհակալագրեր, պատվոգրեր, բայց ամենից հաճելին ու պարտավորեցնողը թագավորական ընտանիքի ուշադրության արժանանալն էր: Սկսած 2011 թվականից, ամեն երկու տարին մեկ՝ պարբերաբար հատուկ հրավեր ենք ստացել մասնակցելու Բելգիայի թագավորական շքահանդեսներին:

Թագուհի Մատիլդային և արքայազնը Լաուրենտիին միշտ են հետաքրքրել մեր ներկայացրած ուսումնական ծրագրերի փաթեթները: 2015 թվին արքայազնը նույնիսկ եկավ Խենթ, այցելեց մեր հիմնած ուսումնական հաստատություն և ավելի մոտիկից ծանոթացավ ուսումնական պրոցեսներին: Դժվարին ժամանկներ էին, քաղաքը կառավարող սոցիալիստները շենքը գնելու պատրվակով ցանկանում էին վտարել մեզ զբաղեցրած տարածքից, հարցը վիճարկում էի, կրթական հաստատությունը փակման վտանգի տակ էր : Դա մի ժամանակաշրջան էր, որ այս կուսակցությունը լրացուցիչ ձայն հավաքելու համար ամեն բան խոստանում էր քաղաքացիություն ստացած օտարազգիներին : Քաղաքի 13 տոկոսը էթնիկ թուրքեր են, իսկ ես կտրուկ դեմ էի այլազգիների մայրենի լեզուն կրթական համակարգ մտցնելուն: Եվ ահա, արքայազնը Լաուրենտին, այս հարցում մեզ համակարծիք էր: Նա նույնիսկ հարցազրույց տվեց լրատվամիջոցներին՝ խնդրելով կազմակերպությանը օգնել ու աջակցել: Այնպես որ «Էբոնոսե ուղին» հեշտ չենք անցել (ժպտում է):

-Ի՞նչ է իրենից ներկայացնում «Էբոնոսե ուղի» (Ebbenhouten Spoor) մրցանակը: Պատմեք «Նոր ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցության մասին, ի՞նչ դերակատարություն ունի Խենթում, Բելգիայի քաղաքական կյանքում: Ի՞նչ կապ ունեք նրա հետ :

-«Նոր ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցությունը Խենթ քաղաքում փոքրամասնություն է կազմում: Այստեղ արդեն 30 տարի իշխում են սոցիալ դեմոկրատական, որն հիմա կոչվում է Vooruit կուսակցությունը, որոնք Կանաչների հետ միասին ձևավորել են Խենթի քաղաքային խորհուրդը: N-VA-ն արմատական փոփոխության կողնակից է, ուզում է, որ Ֆլանդրիան ֆրանսիախոս մասի հետ համագործակցի որպես հավասար, ինքնիշխան վարչական միավոր ու Ֆլամանական բյուջեից գումարներ չտանի իր կարիքները հոգալու համար:

Միայն կրթական համակարգում Ֆլամանական բյուդջեից 10 միլիոն Եվրո է փոխանցվում Բելգիայի ֆրանսիական մասի կրթական սիստեմին, ու դրա վերաբերյալ ոչ մի հաշվետվություն չի ներկայացվում: N-VA-ն պահանջում է յուրաքանչյուր վարչական շրջանից ինքն իր խնդիրները ֆինանսապես լուծի, որին դեմ է Բելգիայի Ֆրանսիախոս Վալոնիայի շրջանը:

Ինչ վերաբերվում է մրցանակին, այն պարտավորեցնող է: Անձամբ առնչություն չունեմ որևէ կուսակցության հետ: Իմ նպատակը հասարակությանը կրթելն է, նրա ընդհուր զարգացմանը նպաստելը ու ես իմ գործը սրտացավությամբ եմ անում: Նաև հասկանում եմ, որ N-VA-ն իր առջև հասարակությանը ինտեգրելու խնդիր է դրել, պահանջ` ֆլամանական մշակույթն ու արժեքները հարգելու, ու սահմանել է այս մրցանակը, որը ճիշտ ու ազգային եմ համարում, նաև գնահատված եմ զգում:

Էբենոսը հազվագյուտ ու արժեքավոր ծառ է: նրա խիտ մուգ գույնի կարծր փայտից ներկայումս հուշանվերներ են պատրաստում: Մինչև 16-րդ դարի վերջը Անտվերպենում էբենոսափայտից պատրաստել են շքեղ կահույք։ Այս մրցանակն իհարկե խորհրդանշական է : Ես 11-րդ մասնակիցն եմ, որ պատիվ ունեցա անցնելու «Էբոնոսե ուղիով»:

N-VA-ի կողմից պարգևատրվելը ինձ համար որքան անակնկալ, այնքան էլ անսպասելի էր. իմ թիմն անմիջապես ստիպեց համաձայնություն տալ: Սա ազգային մրցանակ է: ես սա համարում եմ գնահատանք և պատիվ: Բոլոր կողմերից ստանում եմ միայն շնորհավորանքներ.


«Նոր ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցության քարտուղար Լուի Իդեն մրցանակը հանձնելուց շնորհանդեսի ժամանակ ասաց.

«Կարինեն կարող էր քաղաքական գործիչ լինել, բայց նա արել է իր գործը: Ահա այստեղ են մեր անցած տարիների մյուս մրցանակակիրնeրը, բայց այս մրցանակակրին գտնում եմ ամենաառանձնահատուկը: Նա իրականացրել է իր նպատակները, միառժամանակ իր հետևից է տարել 26 տարբեր ազգությունների 1550 երեխաների` կերտելով նրանց ու մեր երկրի ապագան»:

Մրցանակի ու Բելգիայի հասարակության կողմից համընդհանուր ճանաչման համար ընդունեք մեր ամենաջերմ շնորհավորանքները: Եվ վերջում. Ձեր խոսքը սփյուռքահայությանը:

Սիրելի հայրենակիցներ, աշխարհաքաղաքական այս դժվարին իրադրության մեջ խնդրանքս է երեխաներին հայեցի կրթելը: Համախմբվեք, դարձեք ուժ: Ներդրեք բոլոր միջոցները բարձրունքներ նվաճելու, արժանի լինելու ու կերտելու մեր նոր պատմությունը` հանուն մեր նահատակների ու մեր պապերի հոգու հանգստության:

Շնորհավորանքների համար շնորհակալ եմ:

Պատրաստեց` Hay Azian-ը

«Նիդերլանդական օրագիր»

«Նիդերլանդական օրագրի» կողմից.- «Նոր ֆլամանական դաշինք» ( N-VA) կուսակցությունը Բելգիայի ազդեցիկ, քաղաքական կուսակցություններից է, որը գործում է Ֆլամանդական համայնքում։ Կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է չափավոր պահպանողականության և ֆլամանդական ազգայնականության գաղափարների վրա՝ մինչև Ֆլանդրիայի բաժանումը Բելգիայից։ Կուսակցությունը պաշտպանում է նաև եվրաինտեգրման գաղափարները և մասնակցում է Եվրոպական ազատ դաշինքի աշխատանքներին, որը ներկայացնում է ԵՄ տարբեր երկրների ազգային փոքրամասնությունները։

Բելգիայի խորհրդարան մտած մյուս 12 քաղաքական կուսակցություններից ամենաներկայացուցչականն է պատգամավորների թվով: Կաբինետ չի ձևավորել այն պատճառով, որ ավելի քիչ խորհրդարանականներ ունեցող սոցիալ դեմոկրատական ( PS) կուսակցությանը հաջողվել է միավորվել խորհրդարանի վեց այլ կուսակցությունների կազմելով մեծամասնություն: Մյուս 5 կուսակցությունները, այդ թվում N-VA-ն իր ամենաշատ 25 պատգամավորներով մնաց որպես ընդիմություն: Այսպիսով Բելգիայի ներկայացուցիչների պալատում 150 պատգամավորներից 25-ը N-VA-ից է, սենատում 60 տեղից իննը իրենն է, Եվրախորհրդարանի Բելգիայի 21 պատգամավորներից երեքը «Նոր ֆլամանական դաշինք» կուսակցությանն է: Ինչպես գիտեք Բելգիան բաժանվում է եռալեզու համայնքների, որից մեկը իր խորհրդարանով Ֆլանդրիան է, հիմնական լեզուն Նիդերլանդերենը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2368

Մեկնաբանություններ